Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժինների կողմից 2011թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է մինչեւ 16 տարեկան 371 հազար 448 երեխա: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը: Երեխաները կազմում են բնակչության ընդհանուր թվաքանակի մոտ 11.6 տոկոսը:
Հարկ է նշել, որ սա բավական ցածր ցուցանիշ է: Օրինակ` Բելառուսում երեխաները կազմում են բնակչության մոտ 18 տոկոսը, Ուկրաինայում` 16:
Հաշվառման գործընթացի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները նշված ժամանակահատվածում իրականացրել են օրենքով նախատեսված ժամկետի բացթողումով 1-18 տարեկան երեխաների 289 ծննդի պետական գրանցում, որից 55-ը` Երեւան քաղաքում: Այսինքն, այդ երեխաներն ընդհանրապես ծննդյան վկայական չեն ունեցել:
Հանրապետությունում երեխաների չհաշվառման եւ ծննդյան վկայական չունենալու դեպքերը բացառելու նպատակով նախատեսվում է, որ 2011-2012թթ. ուստարում ուսումնական հաստատություններում առաջին դասարանցի երեխաների ընդունելության ժամանակ պարտադիր կպահանջվի նաեւ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանք:




























