Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի առաջին նիստին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` հիշեցնելով, որ այդ որոշումը վաղօրոք էր հնչեցվել, իսկ այսօր պարզապես իրագործվել է:

«Մենք նաեւ որպես կառուցողական մոտեցման դրսեւորում միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու միակողմանի մորատորիում ենք հայտարարել»,- ասաց Հարությունյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն իր խոսքում նշել է, որ ճիշտ կլիներ, եթե «ադրբեջանցի գործընկերներն էլ այդպես վարվեին»:

Հարությունյանը, սակայն, նշեց, որ ադրբեջանական կողմը չի ընդունել այդ առաջարկը:

«Այժմ փաստացի միակողմանի մորատորիում է գործում»,- ամփոփել է նա: Հարությունյանը դժվարացել է ասել, թե որքան կձգվի այդ զինադադարը` նկատելով, որ եթե նման մոտեցումն արդյունք չտա, որոշումը կվերանայվի. «Սակայն դա ընթացիկ նստաշրջանին չի լինի»: