Հայաստանի համար չափազանց կարեւոր է Իրանի դիրքորոշումը, որն ավելի շատ հիմքեր ունի մասնակցելու ղարաբաղյան կարգավորմանը, քան Թուրքիան: Այդ մասին հունիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, Իրանի գործոնն իր նշանակությամբ գերազանցում է որոշ հաստատությունների, որոնք նույնականացվում են Արեւմուտքի հետ, արբեցած են նավթային գոլորշիով: Պատգամավորը միաժամանակ չի նշել, թե որ հաստատությունները նկատի ունի:

Մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հեռախոսազրույցները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, պատգամավորը նկատել է, թե Իրանը ղարաբաղյան հարցում շահագրգիռ երկիր է: Այդ համատեքստում Լարիսա Ալավերդյանը գովեստի խոսքեր է շռայլել Իրանի չափված եւ համբերատար քաղաքականության հասցեին: