Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի մոտ տաքսու վարորդին սպանելու փորձ կատարած ուղեւորը` Իրանի քաղաքացի Մոհամեդ Աքբարին ձերբակալվել է:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Բորյա Չիլինգարյանի որոշմամբ, Իրանի քաղաքացու դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ Իրանի քաղաքացին ձերբակալվել է եւ գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 20-ի վաղ առավոտյան Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի մոտ, ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ վիրավորվածը Երեւանի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 43-ամյա Արմեն Կարապետյանն է: Նա «Ռենո Լոգա» տաքսի ծառայությունում աշխատում է որպես վարորդ:
Այդ օրը Երեւանի թիվ 137 դպրոցի մոտից անհայտ անձը նստել է «Ռենո Լոգա» տաքսի ծառայության Տ 5144 համարանիշի ավտոմեքենան եւ պատվիրել իրեն տեղափոխել Աշտարակ, ապա նաեւ Ղազարավան գյուղ: Հասնելով գյուղ, վարորդը հանկարծ պարանոցի մասում սուր ցավ է զգացել եւ նկատել, որ ուղեւորը ձեռքին եղած գրիչի վրա հարմարեցված սրիչ դանակով փորձում է կտրել իր պարանոցը: Ուղեւորը վնասել է վարորդի պարանոցը, որից հետո վարորդն սկսել է պաշտպանվել:
Նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, ոստիկանության Արագածոտնի մարզի եւ Աշտարակի բաժնի աշխատակիցները Ղազարավան գյուղի տարածքից ոստիկանության Աշտարակի բաժին բերման են ենթարկել Իրանի քաղաքացի, 30-ամյա Մոհամեդ Աքբարիին: Վերջինիս նկատմամբ նշանակվել է բժշկական փորձաքննություն եւ հաստատվել, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Նրա մոտ հայտնաբերվել է գրիչի վրա հարմարեցված սրիչ դանակը:
Վիրավոր վարորդին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























