Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ հարթակից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը բավական վստահ եւ դրական էր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։
Նա ընդգծեց, որ նախագահի ելույթում մի քանի նոր մեսիջներ կային, որոնցից հիմնականը, Ալավերդյանի կարծիքով, հայտարարություն էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մասն է՝ թեկուզեւ չճանաչված։ «Նմանօրինակ հայտարարությունները միայն դրական կարելի է գնահատել, վատ է միայն, որ դրանք չեն ազդում ԼՂՀ բանակցային կողմ դարձնելու հարցի վրա»,- նկատեց պատգամավորը։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հերթին նշեց, որ Սերժ Սարգսյանի կողմից տարվող քաղաքականությունն այնքան դիպուկ եւ խոսուն չէ, ինչպես ԵԽԽՎ-ում հնչեցրած ճառը:
Խոսելով ճառի այն հատվածի մասին, որտեղ Հայաստանի նախագահը անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության թեմային, Սաֆարյանը նկատեց,
«Ինչպես միշտ` խոսքերը չեն համընկնում գործողությունների ու իրականության հետ: Գեղեցիկ ու ճռճռան ելույթներից իրականությունը նույնքան գեղեցիկ չի դառնում»: Նրա խոսքով, «առանց Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացի մեջ ներգրավելու դրական տեղաշարժեր չարժե ակնկալել»:




























