ԱՄՆ-ում խարդախության մեջ մեղադրվող Հայաստանի մեկ եւ Ռուսաստանի երկու քաղաքացիները դատարանի դահլիճում հրաժարվել են ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները: Նրանք մեղադրվում են Medicare համակարգով ապահովագրական գումարների յուրացման մեջ:
Գործով դատական հաջորդ լսումները կայանալու են հուլիսի 13-ին, Արեւմտյան Վիրջինիայի դատարանում:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, գործով մեղադրվում են Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Շեւչուկն ու Արսեն Բեջանյանը, Հայաստանի քաղաքացի Սարգիս Թադեւոսյանը: Քննության տվյալներով, նրանք մի քանի կեղծ ընկերություններ են ստեղծել եւ մոտ 3 միլիոն դոլարի հայտ են ներկայացրել Medicare համակարգին:
Նահանգային ոստիկանության եւ ԱՄՆ Գաղտնի ծառայության հետաքննությունը սկսվել էր անցած տարվա ապրիլին: Երեք մեղադրյալները ձերբակալվել էին մայիսի սկզբին: Ավելի վաղ դատավորը մերժել էր գրավի դիմաց նրանց բաց թողնելու խնդրանքը` կասկած հայտնելով, որ նրանք կլքեն ԱՄՆ-ն: Հունիսի 21-ին կայացած դատական նիստում կասկածյալները ծանոթացել են մեղադրանքներին:




























