Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուխամեդովը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են արագացնել երկու երկրները միացնող «Հյուսիս-Հարավ» երկաթգծի շինարարությունը: Այդ մասին հաղորդում է Թուրքմենստանի կառավարության մամուլի կենտրոնը:

Այս նախագիծը հնարավորություն կտա Իրանին` ուղիղ երկաթուղային կապ հաստատել Միջին Ասիայի եւ Ղազախստանի հետ` շրջանցելով Ադրբեջանը: Նախագծի իրականացմամբ շահագրգռված է նաեւ Հայաստանը, քանի որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության դեպքում Հայաստանը եւս կկապվի Միջին Ասիայի հետ, բացի այդ կհանդիսանա Ասիայի եւ Եվրոպայի միջեւ տրանզիտային երկիր:

Ներկայում նոր երկաթուղային միջանցքի շինարարությունն ընթանում է ամբողջ թափով: Նախագծին ֆինանսապես աջակցում են Զարգացման Ասիական բանկն ու Զարգացման Իսլամական բանկը: Տարածաշրջանի մի քանի երկրներ նույնպես հետաքրքրություն են դրսեւորել նախագծի նկատմամբ:

Ապրիլի վերջում Թուրքմենստանի մայրաքաղաքում Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի, Օմանի եւ Քաթարի կողմից ստորագրվել է Աշխաբադյան համաձայնագիրը` նոր միջազգային տրանսպորտային միջանցքի ձեւավորման մասին: