ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը, երեւում է, հմաձայն չեն շատ հարցերում, բայց նրանք միակամ են մի հարցում. Հայասըանն ու Ադրբեջանը պետք է հունիսի 24-ին Կազանում համաձայնագիր ստորագրեն` եթե լրջորեն են տրամադրված ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում: Այս մասին ասված է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի վերլուծական հոդվածում, որը տպագրվել է The NewYork Times-ում:
«Բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթն այնքան էլ մեծ բան չէ: Ի վերջո, դա միայն նշանակելու է գործընթացի սկիզբ, ոչ թե ամփոփում: Սակայն, եթե ՌԴ նախագահ Մեդվեդեւն այնպես անի, որպեսզի կողմերը ստորագրեն փաստաթուղթը, դա եզակի եւ զգալի առաջընթաց քայլ կլինի այդ հակադրության մեջ, ինչպես նաեւ Ռուսաստանի առաջնորդի համառության ստուգում»,-ասված է հոդվածում:
Ֆրեյզերի կարծիքով, նշանները, որ համաձայնագիրը կընդունվի, խոստումնալից են թվում: Այդ մասին է վկայում նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը:
«Հիմա հերթը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներինն է, նրանք պետք է որոշեն, թե ինչ է իրենց սպասվում` խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ: Նրանք քիչ բան են արել, որպեսզի պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության եւ շատ բան են արել, որ նրանց պատրաստեն պատերազմի»,- նշել է ՄՃԽ ներկայացուցիչը, ընդգծելով, որ եթե նախագահները պայմանագիր չստորագրեն, միջազգային խաղացողները ստիպված են լինելու նախապատրաստվել ռազմական գործողությունների վերսկսման:
«Աշխարհում տեղի ունեցող հսկայական քանակությամբ բռնության պայմաններում, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, չեն կարող իրենց թույլ տալ դեպքերի նման զարգացում»,- ամփոփել է հեղինակը:




























