Facebook-ը հայտարարել է, որ «կայուն առաջընթացի» կհասնի սոցցանցում ատելության եւ բռնության հրահրումը կասեցնելու գործում, տեղեկացնում է AFP-ն։

Սոցցանցը հավաստիացնում է, որ արհեստական ինտելեկտի ոլորտի կատարելագործումը կօգնի իրեն հեռացնել ատելություն պարունակող եւ ագրեսիվ կոնտենտը, ինչպես նաեւ ծաղրական, սեռական բնույթի անընդունելի նյութերը, կեղծ աքաունթները։

Facebook-ի տվյալներով՝ ատելության խոսքի «տարածվածությունը» 2021թ. առաջին եռամսյակում կազմել է 0,05-0,06 տոկոս, ինչը գրեթե կրկնակի քիչ է, քան 2020թ. կեսին։

Facebook-ի փոխնախագահ Գայ Ռոզենը լրագրողներին ասել է, որ տարածվածության այս ցուցանիշի օգտագործումը տեղին էր, որովհետեւ «այն արտացոլում է ոչ թե այն, ինչ մենք արել ենք, այլ այն, ինչ բաց ենք թողել... Facebook-ում ատելության խոսքի տարածվածությունը շարունակում է նվազել»։

Կոշտ եւ գրաֆիկական բնույթի բովանդակությունը Facebook-ում կրճատվել է մինչեւ 0,04 տոկոսի եւ 0,02 տոկոսի Instagram-ում, ընկերությունը կրճատել է նաեւ մեկ այլ անընդունելի կոնտենտի տարածվածությունը, ներառյալ մերկությունը եւ սեռական բնույթի նյութերը։

Հաշվետվությունում ասվում է, որ Facebook-ը եռամսյակի ընթացքում հեռացրել է ատելության խոսք պարունակող 25,2 մլն կոնտենտ, 8,8 մլն՝ հետապնդումներ պարունակող եւ վախեցնող կոնտենտ եւ 9,8 մլն գրառումներ, ներառյալ «ատելություն հրահրող կազմակերպված կոնտենտը»։

Facebook-ը հայտարարել է, որ ձգտում է ապահովել Covid-19-ի մասին վնասակար ապատեղեկատվությունն արգելող քաղաքականություն եւ հեռացրել է ավելի քան 18 մլն նման կոնտենտ իր պլատֆորմից եւ Instagram-ից ողջ աշխարհում՝ համավարակի սկսվելու պահից ի վեր։

Ընկերությունում կարծում են, որ ավտոմատացված տեխնոլոգիայի կատարելագործումը թույլ է տվել Facebook-ին հասնել առաջընթացի անընդունելի կոնտենտի հայտնաբերման գործում՝ ոչ միայն տեքստում, այլեւ նկարներում, տեսանյութերում եւ անգամ մեմերում, որոնցում այդ տարրերը համակցվում են։

«Այսօր մենք ակտիվորեն հայտնաբերում ենք ատելություն սերմանող բովանդակության մոտ 97 տոկոսը, որը հեռացնում ենք»,- ասել է Ռոզենը։