Հանրության թիկունքում տեղի են ունեցել տհաճ ու ազգակործան գործընթացներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով եռակողմ նոր փաստաթղթին։
«Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում էր, որ ցանկացած հարց ինքը քննարկման է դնելու հանրային եւ քաղաքացիներն իրենց դիրքորոշումները պետք է արտահայտեն, այսինքն՝ ես հանրության թիկունքում ոչինչ չեմ անելու։ Կյանքը ցույց տվեց, որ հանրության թիկունքում տեղի ունեցան բավականին տհաճ եւ ազգակործան գործընթացներ, ստացվեց, որ այսօր մենք չունենք Արցախի 75 տոկոսը։ Հիմա եկել ու հասել ենք այն իրավիճակին, որ Հայաստանի պետական սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը ոտնահարված է։ Ոտնձգություններ են տեղի ունեցել մեր սահմանի նկատմամբ, թշնամին ներխուժել է մեր պետական տարածք, եւ մենք դեռ շարունակում ենք ինչ-որ բանակցություններ իրականացնել։ Եթե նախկինում խոսվում էր 250 հոգանոց խմբերի մասին ,այսօր արդեն դարձել են 500-600 հոգի։ Սա նշանակում է, որ Հայաստանի պետական սահմանը պահպանելու ունակ պետական կառույցները, որոնք Սահմանադրությամբ կոչված են պահպանելու ՀՀ պետական սահմանները, չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթը ամբողջությամբ»,- նշեց նա։
Նա նշեց, որ ծանոթացել է աղմկահարույց փաստաթղթի հրապարակված մասին.
«Այդ փաստաթղթին եմ ծանոթացել, հուսամ, որ գոնե այդ փաստաթուղթն է ստորագրվելու, որտեղ մատնանշված է, որ իմ տեղեկություններով, մինչեւ հունիսի 30-ը եռակողմ պայմանավորվածությամբ պետք է ձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք պետք է իրականացնեն սահմանազատման աշխատանքներ։ Ի՞նչ սահմաններ են գծելու՝ շան գլուխն այդտեղ է թաղված։ Թշնամական երկրի հետ ստեղծում ենք հարաբերություններ, 2 կառույց ենք ստեղծում, որոնք պիտի զբաղվեն մեր սահմանների ճշգրտման հարցով, բայց չգիտենք՝ ովքեր են ներառվելու այդ կազմում եւ ինչ են քննարկելու։ Փաստաթղթի ստորագրման համար ի՞նչ նախապայման կա, մենք ինչ-որ պահանջ դրե՞լ ենք, ո՞ր սահմանին են գծում: Արդյոք ստորագրվելիք փաստաթղթի տակ էլ կան այնպիսի փաստաթղթեր կամ թեկուզ բանավոր պայմանավորվածություններ, որոնք նոր փորձանք են բերելու երկրի գլխին: Ի՞նչ խոստում է տրված եւ ինչո՞ւ ենք մենք փաստաթղթի ստորագման գնում մի պայմանում, երբ ադրբեջանցին, նույնիսկ երեկ, իրեն շատ վատ է պահել Գեղարքունիքում»։
Պատգամավորի խոսքով՝ ադրբջանական ԶՈւ-ն, եթե մնալու է մեր սահմանից ներս ու այդ պայմանում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվում, նշանակում է՝ մենք երկու քայլ հետ ենք գնում:
«Ես կարծում եմ՝ ՊՆ նախարարը եւ ԳՇ պետը ոչ միայն պետք է հեռանան իրենց պաշտոններից, այլ նրանք պիտի պատասխանատվության ենթարկվեն, պիտի կանգնեն դատարանի առջեւ։ Նրանք պիտի պատասխանատվության ենթարկվեն հայ զինվորին այսքան նսեմացնելու եւ կրակելու թույլատրելիությունը նրանց ձեռքից վերցնելու համար։ Մենք զինվորին ասում ենք՝ դու մի կրակի, թող քեզ ծեծե՞ն, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում»,- ասաց Թովմասյանը։
Անդրադառնալով սահմանների կահավորման խնդրին՝ պատգամավորը նշեց. «Մենք այդպես էլ չտեսանք այդ կահավորված հատվածը։ Հասկացանք, որ ամբողջ երկայնքը նույն վիճակում է, որովհետեւ որտեղից ուզեցին՝ ճեղքեցին։ Ես ուզում եմ ունենալ ազգային արժանապատվություն, ուզում եմ՝ իմ զինվորն իր գլուխը չկախի, չեմ ուզում՝ իմ զինվորին հարվածեն ու ինքը չկարողանա պատշաճ պատասխանել, ուզում եմ, որ քաղաքացին ապրի անվտանգ»։











