Երեկ տարածվել է այդ փաստաթուղթը, որը ոչ մի գաղտնի հավելված չունի, եւ այնտեղ որեւէ տարածք զիջելու մասին խոսք չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Հայկական կողմն ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների ելման դիրքեր վերադառնալու դեպքում»,-ասաց նա, որ տարածքների հետ կապված որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չկա:

Նա տեղեկացրեց, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերյալ առաջարկ է ստացվել ռուսական կողմից. «Ոչ թե անել դեմարկացիա եւ դելիմիտացիա հիմա, կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով: Մենք այդ առաջարկին հստակ մեր դիրքորոշումն ենք ներկայացրել, որ սա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում»,- հավելեց Ռուբինյանը։

Հարցին, թե Ադրբեջանի սահմաններն ընդունելիս՝ Հադրութի, Շուշիի և Արցախի մյուս տարածքների հարցն ի՞նչ է լինելու, Ռուբինյանը պատասխանեց․ «Ես այստեղ ուզում եմ հստակեցնել՝ եթե այս փաստաթուղթը ստորագրվի և նման հանձնաժողով ստեղծվի, իսկ դա կարող  է տեղի ունենալ միայն հայկական կողմի պայմանի իրագործման դեպքում, խոսքը լինելու է ՀՀ և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, և ոչ Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին։ Այսինքն՝ այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը ներառյալ», Ռուբինյանն ասաց, որ այդպես չի կարող լինել։ «Արցախի հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չի եղել, այդ հայտարարության մեջ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց տեսակետն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց։ Եվ, հետևաբար, իր հայտարարածը տեղի չի կարող ունենալ։ Պետք է տեղի ունենա հետևյալը՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանները: Միջազգային մեր գործընկերների դիրքորոշումը ևս նույնական է մեր դիրքորոշմանը եւ աներկբա է»,- ասաց Ռուբինյանը։