Վերջին երեք տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար դիրք է զբաղեցնում: Այդ մասին այսօր` հունիսի 24-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով 4-րդ ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես» ֆորումում:

Ըստ Տ. Սարգսյանի` 21-րդ դարում թվայնացումը բերել է արտադրողականության աճի, իսկ ՏՏ գործիքների կիրառումը կբարձրացնի նաեւ մեր տնտեսության արտադրողականությունը: Վարչապետի խոսքով` հատկապես նկատելի է առաջընթացը ինտերնետի մասով: Այսպես` եթե 2009թ. բջջային հեռախոսի միջոցով ինտերնետից օգտվում էր ընդամենը 1.1 միլիոն բաժանորդ, 2010թ.՝ 1.3 միլիոն, ապա 2011թ. առաջին եռամսյակում՝ արդեն 1.7 միլիոն։ Լայնաշերտ ինտերնետից 2009թ. օգտվում էր 70 հազար բաժանորդղ, 2010թ.՝ 170 հազար, իսկ ներկայում` արդեն 240 հազար։

Տ. Սարգսյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ բաժանորդների քանակի աճն ուղեկցվում է գների նվազմամբ։ Մասնավորապես՝ միջինացված մինչև 1 մեգաբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետը 2009թ. արժեր 234 հազար դրամ, 2010թ. ՝ 71 հազար, իսկ 2011թ.՝ 55 հազար դրամ: վարչապետը չբացառեց, որ գների անկումը կշարունակվի: