Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Եվրամիության առաջնորդների գագաթաժողովում կառաջարկի Եվրամիության անդամ երկրների եւ Բելառուսի միջեւ բոլոր չվերթները դադարեցնել, մինչեւ Մինսկը չազատի Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram-ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչին, հայտնում է Reuters-ը:
ԵՄ անդամները վրդովմունք են հայտնել կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ Հունաստանից Լիտվա չվերթը ուղղորդվել էր Մինսկ, իսկ ինքնաթիռում գտնվող Պրոտասեւիչը՝ ձերբակալվել:
ԵՄ-ն նախատեսում է երկուշաբթի երեկոյան կայանալիք գագաթաժողովում քննարկել Մինսկի նկատմամբ պատժամիջոցների խստացումը, ինչպես նաեւ կարող է սահմանափակել Բելառուսի եւ ԵՄ-ի միջեւ ցամաքային տարանցիկ հաղորդակցությունը:
«Պետական ահաբեկչության ակտին հստակորեն արձագանքելու համար այսօր Եվրախորհրդում ես կառաջարկեմ դադարեցնել Բելառուսից դեպի Եվրամիություն եւ հակառակ ուղղությամբ բոլոր չվերթներն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երիտասարդին ազատ չեն արձակել»,- մամուլի ասուլիսում ասել է Մորավեցկին:





























