Սպառողական վարկավորման նկատմամբ բնակչության պահանջարկի մեծացումը եւ այդ ուղղությամբ «Յունիբանկ»-ի արդյունավետ աշխատանքը հիմք հանդիսացան բանկի համար ստեղծելու սպառողական վարկավորման մասնագիտացված կենտրոններ «ՕՊԵՐԱ» եւ «ԿԻՆՈ ՆԱԻՐԻ»  երեւանյան մասնաճյուղերում:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին «Յունիբանկ»-ից, կենտրոնների հիմնական նպատակը վարկային հայտերի ուսումնասիրության ժամկետի զգալի  կրճատումն ու սպառողական վարկերի եւ վարկային քարտերի տրամադրման գործընթացը հաճախորդների համար ավելի հարմարավետ դարձնելն է:

Մասնագիտացված մասնաճյուղերի ստեղծման նախագիծն իրականացվում է սպառողական վարկավորման շուկայում Յունիբանկի դիրքերի ամրապնդման եւ վարկավորման ծավալների շեշտակի ընդլայնման ծրագրի շրջանակներում: 2011թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով Յունիբանկը սպառողական վարկավորման ծավալներով ընդգրկվել է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: 01.06.11թ.-ի դրությամբ Բանկի սպառողական վարկավորման պորտֆելը գերազանցել է 24,7 մլրդ դրամը:

Ըստ «Յունիբանկ»-ի վարչության նախագահի առաջին տեղակալ, մասնաճյուղային ցանցի կառավարման եւ օպերացիոն տնօրեն Սերգեյ Արզումանյանի՝ վերջին տարին Յունիբանկի համար մանրածախ բիզնեսի ակտիվ զարգացման տարի էր: Բանկը դիվերսիֆիկացնում է վարկային պորտֆելը` նախապատվությունը տալով ֆիզիկական անձանց եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը: «Ֆիզիկական անձանց վարկավորման գործընթացի արդյունավետության հիմնական բաղադրիչները վարկատեսակների լայն տեսականին, դրանց  հասանելիությունը, սպասարկման արագությունն ու որակն են: Ահա թե ինչու, Յունիբանկն անընդհատ ավելացնում է սպասարկման կետերի քանակը եւ հավաքագրում է նոր կադրեր, որոնք անցնում են նեղ մասնագիտական պատրաստվածություն: Հաճախորդների սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով մասնագիտացված մասնաճյուղերում կներդրվի վարկավորման նոր ժամանակակից տեխնոլոգիա» ,- նշել է  Արզումանյանը:

Ներկա դրությամբ «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցը բաղկացած է 37 մասնաճյուղերից: Բանկը նախատեսում է շարունակել մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները եւ մինչեւ տարեվերջ ունենալ 42 մասնաճյուղ: Հիշեցնենք, որ վերջերս Երեւանի կենտրոնում բացված «ՕՊԵՐԱ» եւ «ԿԻՆՈ ՆԱԻՐԻ» մասնաճյուղերը տրամադրում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը` սպառողական եւ բիզնես վարկեր, բանկային քարտեր, ավանդների ընդունում, կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների ընդունում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում:

Յունիբանկը ակտիվ ընդլայնում է նաեւ պրոմո-կետերի ցանկը: Այժմ Բանկի պրոմո-կետերը գործում են «Նիքս», «Ֆայն» եւ «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում, իսկ շուտով նաեւ`«Ավիատրանս» խոշորագույն  ավիագործակալության սպասարկման սրահում  եւ «Օնլայն Պլյուս» խանութում: Պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին պարզաբանում են  վարկավորման գործընթացը, օգնում  վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ  փաստաթղթերի ներկայացման գործում: