Գերմանիան, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները կարգավորող մարմիններին կոչ են անում տեխնոլոհսկաների կողմից ստարտափների գնումը ստուգելու հնարավորություն ընձեռել: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերի, նրա ֆրանսիացի գործընկեր Բրունո Լե Մերի, Ֆրանսիայի կրտսեր նախարար Սեդրիկ Օի եւ Նիդեռլանդների էկոնոմիկայի նախարար Մոնա Քեյզերի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Google-ի, Facebook-ի, Amazon-ի եւ Apple-ի ստորաբաժանումներին ուղղված կանոնների նախագիծը պետք է ուժեղացվի, որպեսզի կարգավորող մարմինները կարողանան վետո դնել նրանց կողմից իրենց մրցակից ստարտափների ձեռքբերման վրա, հաղորդում է Reuters-ը:

Տեխնոլոգիական որոշ հսկաներ քննադատության են ենթարկվում, այսպես կոչված, «ոչնչացնող ձեռքբերումների» համար, երբ գնում են մրցակիցներին՝ դրանք փակելու նպատակով:

Նախարարների կարծիքով՝ կարգավորող մարմինները պետք է առաջարկվող Թվային շուկաների մասին օրենքն (DMA) օգտագործեն այս խնդիրը լուծելու համար:

Նրանք հայտարարել են, որ առաջարկվող կանոնները, այսպես կոչված, առցանց-գայթակղիչների ու հակամրցակցային վարքագծի դեմ պայքարում պետք է ազատ գործելու հնարավորություն տան ԵՄ երկրներին:

Կանոնների նախագիծը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ տարի, երբ Եվրահանձնաժողովը, ԵՄ երկրները եւ ԵՄ օրենսդիրները ընդհանուր դիրքորոշում մշակեն: