Թուրքիայի իշխանությունները Էրդողանի շրջապատի վերաբերյալ սկանդալային բացահայտումներից հետո մաֆիոզի ձերբակալման նոր օրդեր են տվել
Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Էրդողանի շրջապատի վերաբերյալ սկանդալային բացահայտումներից հետո մաֆիոզ Սեդաթ Պեկերի ձերբակալման նոր հրաման են տվել, հայտնում է AFP-ն:
Անկարայի գլխավոր դատախազությունը Սեդաթ Պեկերին ձերբակալելու հրաման է տվել, երբ նա պատրաստվում էր YouTube-ում ութերորդ տեսանյութերը թողարկել։
Նրա մեղադրանքներն ուղղված են ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդուն, դատապարտված նախկին ՆԳ նախարարին, ինչպես նաեւ նրա որդուն, որը Էրդողանի իշխող կուսակցության պատգամավոր է:
Տեսանյութերը, որոնք միլիոնավոր դիտումներ են հավաքել, Սոյլուի հրաժարականի եւ Պեկերի ասածների հետաքննության պահանջով ընդդիմության կոչերի պատճառ են դարձել:
Anadolu-ն հայտնել, որ Պեկերին այժմ կասկածում են նաեւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը մասնակցելու մեջ, որին Անկարան մեղադրում է 2016-ին Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջման համար:
Վերջին շաբաթների ընթացքում սոցցանցերում տեղադրված մի շարք տեսանյութերում մաֆիոզ Սեդաթ Պեկերը ցնցող մեղադրանքներ է առաջադրել իշխող կուսակցության անդամների դեմ, ներառյալ՝ կոռուպցիան, թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու սպանությունների քողարկումը, բռնաբարությունը:
Խախտելով մեղադրանքների վերաբերյալ մեկ շաբաթվա լռությունը՝ Էրդողանը դրանք անվանել է «ստոր գործողություն»՝ ուղղված «երկրի ու իր իշխանության դեմ»:
Կարծիք կա, որ Պեկերը անցյալ տարի փախել է Թուրքիայից այն բանից հետո, երբ իմացել է իր խմբավորման դեմ պատրաստվող գործողության մասին։
Անհասկանալի է, թե ինչու է մաֆիայի ղեկավարը, որը սատարում էր Էրդողանին՝ նրա օգտին քաղաքական հանրահավաքներ կազմակերպելով եւ հակառակորդներին սպառնալով, կառավարության դեմ հանդես եկել:
Պեկերը պնդում է, որ ինքը ստիպված է այդ ամենի մասին բարձրաձայնել այն բանից հետո, երբ իր տանն իրականացրած ոստիկանական խուզարկության ժամանակ կինն ու երկու դուստրերը դաժան վերաբերմունքի են արժանացել:





























