Կազանում ԼՂ կարգավորման սկզբունքների շուրջ փաստաթուղթը ստորագրել, նշանակում է ստորագրել նաեւ այն փաստի տակ, որ երկար ժամանակ Ալիեւի վարչակարգն ուղղակիորեն խաբել է սեփական ժողովրդին` իր ծայրահեղ թշնամական հռետորաբանությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու Կազանում հունիսի 24-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ԼՂ բանակցային գործընթացում բեկում չարձանագրվեց:

Նա հիշեցրեց Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, թե չորրորդ անգամ անընդմեջ վերջին պահին Ալիեւը բանակցությունների սեղանին է դնում նոր փոփոխությունների մոտ մեկ տասնյակ առաջարկներ: «Այսինքն՝ նման ձեւով՝ վերջին պահին, երբ արդեն բավականին լուրջ է դառնում որեւէ բեկում արձանագրելու հնարավորությունը, Ալիեւի մոտ էապես մեծանում են վախերը՝ կապված սեփական երկիր վերադառնալու եւ այսքան տարվա սուտն ու կեղծիքը հրապարակայնորեն խոստովանելու հետ»,- ասաց նա, հավելելով, որ բեկում չարձանագրվելու մեջ դեր ունի նաեւ Թուրքիան, որն Ադրբեջանին քաջալերելում է ավելի կոշտ լինել:

«Բեկումը պետք է արձանագրվի ոչ թե բանակցային սեղանին, այլ բանակցողի (այս դեպքում՝ Ադրբեջանի) պահվածքում: Այդպիսի բեկում կարող է լինել, օրինակ՝ երբ Ադրբեջանում նվազեն եւ դադարեն հայատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները, երբ ռազմական հռետորաբանությունն իր տեղը զիջի հարեւանների հետ բնականոն ապագա կառուցելու ցանկությանը»,- նշել է Բեքարյանն ու հավելել. «Կեղծ է տպավորությունը, թե Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության կամ փոխզիջումների, փոխզիջումների պատրաստ չէ Ալիեւ կրտսերը: Քանի որ, երեւի թե, ոչ ոք նրան չի երաշխավորում, որ փոփոխությունները թույլ կտան նրան շարունակել իր տիրապետությունը այն ռեսուրսների եւ հնարավորությունների նկատմամբ, որոնց նա այսօր տիրապետում է: Ալիեւը, ստատուս քվոյի պահպանմամբ, ամենաշահագրգռված կողմն է»: