Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ բարձր ամբիոնը վերածել է սեփական առեւտրային տաղավարի, հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանլով վերջինիս այն խոսքերը, որ Երեւանն ու Անկարան, իբրեւ, բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու հետագա մասնակցության շուրջ։

«Չավուշօղլուն  արդեն այնքան է լկտիացել, որ ԵԽԽՎ բարձր ամբիոնից հանդես է գալիս ամենաանպատախանատու հայտարարություններով, որոնք իրականության հետ որեւէ կապ չունեն։ Երեւանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան հարցի հետ որեւէ ընդհանրություն չունի։ Եւ մանավանդ, Երեւանն Անկարայի հետ մտադիր չէ քննարկել ղարաբաղյան հարցը։ Թուրքիան լավ կանի՝ լուծի տարածքային իր խնդիրները՝ ազատի Հյուսիսային Կիպրոսը, լուծի քրդական հարցը»,- նկատեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ եթե Անկարան ցանկանում է միջամտել ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծմանը, ավելի լավ է՝ հեռու մնա այդ գործընթացից։