Կապանում հունիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտագնա նիստ, որտեղ ամփոփվել է զինված ուժերում զինվորական կարգապահության եւ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը 2011թվականի առաջին կիսամյակում:
Կոլեգիայի նիստին մասնակցել են զորամասերում անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բոլոր պատասխանատուները:
Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը` նշելով, որ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է իրավախախտումների ու հանցագործությունների նվազում:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՊՆ ռազմական ոտիկանության պետը եւ բանակային զորամիավորումների հրամանատարները:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդես գալով ամփոփիչ ելույթով, մասնավորապես ասել է. «2011թ. առաջին կիսամյակը, որը հայտարարված էր կարգապահության կիսամյակ, հիմք է տալիս փաստելու, որ զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց: Սակայն առկա հաջողությունները բավարար չեն եւ անհրաժեշտ է հետեւողական աշխատանքով զարգացնել ու շարունակական դարձնել ձեռքբերումները»:
Օրինակելի կարգապահ ճանաչված զորամասերն առաջիկայում պարգեւատրվելու եւ խրախուսվելու են:



























