Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահող երկրների լավատեսությունը չարդարացավ, քանի որ առաջընթաց ակնկալել այս փուլում, որում կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են, ուղղակի իրական չէ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը;

Նրա խոսքով, ԵԱՀԿ համանախագահող երկրների լավատեսությունն ավելի շուտ կողմերի վրա ճնշում գործադրելու միջոց էր, ակնարկ, որ նրանցից կառուցողականություն է  ակնկալվում։ Ալավերդյանը միաժամանակ շեշտադրում արեց այն  հանգամանքի վրա, որ վերջին տարիներին հենց Ադրբեջանն է ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերում։

«Եկել է ժամանակը, երբ հայկական կողմն ինքը պետք է հանդես գա առաջարկներով, բանակցությունները տանի իր համար ցանկալի հունով»,- հայտարարեց Ալավերդյանը՝ ավելացնելով, որ առանց Ղարաբաղի մասնակցության բանակցություններն ընդամենը պարզունակ հանդիպումներ են, որոնք չեն կարող լուծել հակամարտությունը։