Ես սոցհարցումներին չեմ հավատում, մեր գիտեմ, որ մեր վարկանիշն աճում է, մենք առնվազն այսօր երրորդն ենք, ես դա ստույգ գիտեմ, բայց մեր հավակնություններն ավելի մեծ են: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իհարկե ճտերին աշնան են հաշվում, իսկ ապագա հավաքականները, եւ իշխանափոխության կազմերը հաշվելու են ընտրությունների արդյունքում»,-ասաց նա:

Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ իրենց «Պատիվ ունեմ» դաշինքը լինելու է խորհրդարանում. «Իմ կուսակցությունն ունենալու է մանդատներ, ունենալու է խմբակցություն եւ լինելու է գալիք իշխանությունը ձեւավորող հենասյուներից մեկը, հիմնական գործոններից մեկը: Բոլորը գիտեն, որ մեր ցուցակում պատիվ ունեցող մարդիկ են, մեր թիմը լավագույններից է Հայաստանում:

Եթե Նիկոլը կարողանում է միայն մեկ բան՝ ղժղժալ եւ հայհոյել, մենք կարողանում ենք 100 բան՝ եւ հայհոյել իրեն, եւ այլ բաներ: Նա փորձելու է թունավորել, վարկաբեկել,պախարակել, ոչ մի բան չի օգնելու: Դա իր ագոնիան է, նա արդեն հոգի է տալիս քաղաքական տեսակետից: Մեզ պետք է ոչնչացնել մայր մեղուին, դրանից հետո հեշտ կլինի բուժել նրան հավատացող հասարակության այդ հատվածին»,-ասաց նա:

Աշոտյանը հավելեց, որ երբ ընտրությունների արդյունքում հաղթի ընդդիմությունը, անպայման պետք է ոչ միայն ստեղծվի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հետաքննչական լեգիտիմ ինստիտուտ, այլ պետք է ունենանք ճշմարտության հանձնաժողովի պես մի բան, որտեղ այդ մի քանի տարվա ընթացքում պետք է մաքրենք թարաբշտիկները, որոնք երեք տարվա մեջ տարբեր մարդկանց հոգիներում սերմանվել են:

Դիտարկմանը, որ գրեթե բոլոր ցուցակներում կան Նիկոլ Փաշինյանի նախկին կողմնակիցներ, Աշոտյանն ասաց, որ չպետք է առաջնորդվել 2018-ի տրամաբանությամբ, պետք է առաջ նայել: «Հայաստանում չկան քաղաքական տեսակետից ավելի մաքրված գործիչներ, քան ՀՀԿ-ի ժամանակին վարկաբեկվող, քաղաքական հալածանքների գործիչներն են՝ իմ անձից սկսած»: