ՆԱՏՕ-ն Մինսկին նախազգուշացրել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի լրացուցիչ հետեւանքների մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, թե անհրաժեշտ է Բելառուսին հասկացնել, որ «միջազգային հիմնական նորմերի եւ կանոնների խախտման համար» ստիպված կլինի վճարել։
«Կարծում եմ, որ այս պահին ամենակարեւորը համոզվելն է, որ համաձայնեցված պատժամիջոցներն ամբողջությամբ կատարվեն: Եւ ես նաեւ գիտեմ, որ մյուս դաշնակիցները հետագա ընդլայնման (պատժամիջոցներ) ուղիներ են որոնում»,- ասել է նա Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո:
«Վստահ եմ նաեւ, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները հանդիպման ընթացքում կքննարկեն Բելառուսի անընդունելի պահվածքին արձագանքը, ինչպես նաեւ ավելի ագրեսիվ Ռուսաստանին արձագանքը»:
Ջոնսոնը Բելառուսի կողմից ինքնաթիռի իջեցնելը անվանել է «սարսափելի, վրդովեցուցիչ միջադեպ»: «Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամները կցանկանան միասին հանդես գալ տեղի ունեցածի դեմ եւ պահանջել Բելառուսում գերությունից ազատել Ռոման Պրոտասեւիչին ու նրա ընկերուհուն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում՝ ականապատման մասին հաղորդագրության պատճառով: Օդանավում եղել է Nexta Telegram-ալիքի հիմնադիրներից մեկը՝ Ռոման Պրոտասեւիչը, որին Բելառուսի իշխանությունները համարում են ծայրահեղական: Պրոտասեւիչը կալանավորվել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի, այդ թվում` «զանգվածային անկարգությունների կազմակերպման» հոդվածով: Ձերբակալվել է նաեւ նրա ընկերուհին` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սոֆյա Սապեգան:
Այս միջադեպը հարուցել է ԵՄ առաջնորդների վրդովմունքը, որոնք կոչ են արել ընդլայնել պատժամիջոցները Մինսկի դեմ, արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները դեպի Եվրոպա, իսկ միջազգային ավիաընկերություններին հորդորել են շրջանցել Բելառուսի օդային տարածքը: Եվրոպական մի շարք ավիաընկերություններ հայտարարել են դեպի Բելառուս չվերթները դադարեցնելու մտադրության մասին:





























