Գարեգին Բ Կաթողիկոսը հունիսի 27-ին մեկնել էՍանկտ-Պետերբուրգ` մասնակցելու հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ օդանավակայանում նրան դիմավորել են Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչները:

Հովվապետական այցն սկսվել է Ս. Կատարինե հայկական եկեղեցի այցելությամբ:

Նույն օրը Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում Գարեգին Բ-ի օրհնությամբ կատարվել է «Հայ-ռուսական հոգեւոր կապեր» խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը:

Գրադարանի փոխտնօրեն Իրինա Լեանդրովայի եւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի ողջույնի խոսքերից հետո հայոց կաթողիկոսն օրհնել է ներկաներին ցուցահանդեսի բացման առիթով` այն համարելով ռուս եւ հայ ժողովուրդների հոգեւոր կապերի խոսուն վկայություն:

Նա հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կքաջալերի այցելուներին եւ կնպաստի, որ գիրքը` իբրեւ գիտելիքի եւ ճանաչողության, հոգեւոր եւ մտավոր կրթության աղբյուր, շարունակի իր արժանի տեղը ունենալ կյանքում: 

Վերջում Գարեգին Բ-ն այցելել է Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանի հին ձեռագրերի բաժին, ուր ծանոթացել է գրադարանում պահվող հայկական ձեռագրերին: