Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի տարածաշրջանի ներսում ընթացող բանակցությունների միջոցով, կարծում է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
«ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն երկար տարիներ է՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններ է վարում։ Ի՞նչ արդյունքներ կան։ Ինչպե՞ս են նրանք մոտեցել խնդրի լուծմանը։ Այդ տեսակետից մենք հիմնավորապես կարծում ենք, որ բանակցություններն արդյունավետ կարող են լինել տարածաշրջանի ներսում, քանի որ տարածաշրջանի երկրներն իրար ավելի լավ կհասկանան։ Կարծում եմ, որ անվերապահորեն պետք է հաշվի առնվի տարածքային ամբողջականության ապահովման սկզբունքը, եւ բանակցությունները պետք է տարվեն տարածաշրջանի ներսում»,- Trend-ին տված հարցազրույցում ասել է Լարիջանին։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում Իրանի եւ Թուրքիայի դերին, Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիան շատ կարեւոր երկիր է։ «Ակնհայտ փաստ է, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Թուրքիան նաեւ մեզ համար եղբայրական եւ բարեկամական երկիր է։ Մենք Իրանի,Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը կարող ենք դիտարկել իբրեւ տարածաշրջանային օրինակելի համագործակցություն։ Բոլոր երեք պետություններն էլ հիանալի կերպով հասկանում եւ շփվում են միմյանց հետ՝ համագործակցելով տարբեր ոլորտներում»։




























