Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին եւ նրա հետ քննարկել Կառավարության կողմից որպես առաջնահերթություն ճանաչված գյուղատնտեսության զարգացմանն ուղղված  վարկային ծրագրի  տրանսպորտային խնդիրներին առնչվող հարցեր:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Միշել Հապին նշել է, որ ներկայումս տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված` հիմնականում սոցիալական ծրագրերից անցում է կատարվում  գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը` ուղղակի աջակցություն ֆերմերներին, ոռոգման համակարգերի ու ենթակառուցվածքների բարելավում, ինչը ենթադրում է նաեւ որակյալ ճանապարհների առկայություն:Այդ համատեքստում քննարկվել է կենսական ճանապարհների բարելավմանն ուղղված 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային ծրագիրը:

Նախարարը նշել է տարածաշրջանային նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի եւ դեպի Վրաստանի սահման տանող երկու մայրուղիների, ֆինանսավորման անհրաժեշտությունը, ինչի վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Համաշխարհային բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ: Քննարկվել են նաեւ նախագծման, ճանապարհային նոր տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորման խնդիրներ:

Հանդիպման ժամանակ  անդրադարձ է եղել  Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի ավտոկայանների կոնցեսիայի կազմակերպմանն ու իրականացմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցին եւս, որը, ըստ ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարի,  ներկայումս քննարկվում է  Համաշխարհային բանկում: