Լիբանանում բողոքի ակցիաները անժամկետ բնույթ են կրում եւ անցկացվում են մինչեւ ուշ երեկո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Նրա խոսքով՝ որոշ ճանապարհներ եւ մայրուղիներ պարբերաբար արգելափակվում են:
Նա պարզաբանեց, որ ակցիաներ են անցկացվում երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բեյրութում, Տրիպոլիում, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն գրում, ոչ մեծ բախումներ են գրանցվում, զանգվածային բախումներ չկան:
«Ամեն ինչ սկսվեց քաղաքացիական անհնազանդության ակցիաներից: Քաղաքացիներն անելանելի իրավիճակում են, ազգային արժույթի փոխարժեքը կտրում ընկել է, ապրանքների եւ դեղորայքի գինն աճում է, բենզինի համար մեծ հերթեր են գոյանում»,-նշեց նա:
Գանտահարյանը նկատեց, որ իրավիճակն անորոշ է, կառավարությունը դեռ չի ձեւավորվել, չի հաջողվում համաձայնության գալ:
«Ցուցարարների պահանջն է հարթել այդ տարաձայնությունները, նախարարների կաբինետ ձեւավորել եւ սկսել խնդիրների լուծումը»,-նշեց «Ազդակի» գլխավոր խմբագիրը:
նա հիշեցրեց, որ ավելի վաղ եվրոպական կառույցները պահանջել են արագացնել կառավարության ձեւավորումը:





























