Պաշտպանության նախարարությունում այսօր` հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ 2,5 տարի տեւած աշխատանքի արդյունքում հանձնաժողովն ավարտել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները, որի ոչ գաղտնի արդյունքները հրապարակվել են:
Վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթում անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների եւ ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաեւ զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին:
Ներկայացնելով պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ռազմավարական վերանայման նպատակն էր ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման եւ բյուջետավորման աշխատանքների տրամաբանական կապը»:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը իր ելույթում կարեւորել է պաշտպանության ռազմավարական վերանայումը զինված ուժերի կարողությունների ընդլայնման ու կատարելագործման տեսանկյունից:
ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաեւ Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի խորհրդատու-փորձագետներ Ջոն Դրեւինկեւիչը եւ Անտոնիուս Բերնարդսը:




























