Խորհրդարանականներին հատկացված լրացուցիչ 50 հազար դրամը, որն անհրաժեշտ է նրանց նյութատեխնիկական կարիքների բավարարման համար, բավարար չէ: Այս մասին հուլիսի 15-ին Հայաստանի լուծարված Ազգային ժողովի արտահերթ նիստին «Քաղծառայողներին եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վճարումների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից՝ պատգամավորը վստահեցրեց, որ ավելորդ գումարները միայն կամրապնդեն խորհրդարանական ինստիտուտը: «Շատ պատգամավորներ շրջում են մարզերով, հանդիպում ընտրողների հետ, լուծում տարբեր խնդիրներ եւ հարցեր: Այդ կապակցությամբ նրանք իրենց վրա են վերցնում բենզինի, գիշերակացերի եւ ճանապարհի եւ այլնի ծախսերը»,- պարզաբանեց Ենգիբարյանը:
Նա նշեց, որ այս փոփոխությունները բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջելու: Հաշվի առնելով, որ նոր գումարման պատգամավորների թիվը 25 հոգով պակաս է նախորդից, հեղինակները հաշվարկել են, որ փոփոխությունները չեն ավելացնի բյուջեի ֆինանսական բեռը: Ավելին, նրանց կարծիքով, դրանք նույնիսկ կնվազեն: Այդպես, նախկին 274 միլիոն դրամի փոխարեն, նրանց ուղեւորությունների վճարման համար ընդհանուր ծախսերը կկազմեն ամսական 256 միլիոն դրամ:
Սակայն Ենգիբարյանին հակադարձեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով նախկինում լքել էր իշխող ուժի խմբակցությունը: Ըստ նրա՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում հեռացող խորհրդարանի փորձը ցույց է տվել, որ ոչ բոլոր պատգամավորներն են պատշաճ կերպով կատարում իրենց պարտավորություններն ընտրողների առջեւ: «Բայց օրինագծի հեղինակներն առաջարկում են առանց բացառության լրացուցիչ վճարել բոլորին: Արդյունքում, մեկն այդ փողերը կմսխի, մյուսն ամբողջը կծախսի նախատեսվածի պես: Կարող է տպավորություն ստեղծվել, որ խեղճ պատգամավորներն այնքան են աշխատել, որ մաշեցրել են կոշիկների ներբանը»,- հայտարարեց Հովսեփյանը: Այնուհետեւ նա մեկ այլ սխեմա առաջարկեց՝ բոնուսներ վճարել միայն այն պատգամավորներին, ովքեր իրականում աշխատելու են, եւ ոչ թե՝ բուռն խորհրդարանական գործունեություն իմիտացնել:
Հովսեփյանին թույլ չտվեցին ավարտել իր միտքը: «Իմ քայլից» խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, սկզբից ասաց, որ նրա ժամանակը սպառվել է, ապա հավելեց. «Կարծում եմ ՝ մարզերն րենց քվեով ցույց տվեցին, թե ում ներբանն է մաշվել»:
Այսպիսով առաջարկվում է փոխհատուցումը հասցնել 250 հազար դրամի, մինչդեռ պատգամավորների աշխատավարձերը սահմանված են 600 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ:
Նշենք, որ հանրապետությունում միջին աշխատավարձը, պաշտոնական տվյալներով, չի հասնում նույնիսկ 200 հազար դրամի:











