«Չեմ կարծում, թե արդարացված մոտեցում է վերջնաժամկետներով խոսելը, մանավանդ, որ ընդդիմության ՀԱԿ-ի թեւի առաջնորդը եղել է նախագահ եւ շատ լավ գիտի, որ վերջնաժամկետներով խոսելը դա ժողովրդավարության լավագույն եզրույթ չէ»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով հունիսի 30-ին ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած վերջնագիրը Հայաստանի իշխանություններին:
«Իշխանությունը հստակ նախաձեռնել է երկխոսություն: Քաղաքական դաշտում քաղաքական պրոցեսները պատկերացնում ենք քաղաքակիրթ ճանապարհով համագործակցության միջոցով բոլոր քաղաքական ուժերի միջեւ, այդ թվում նաեւ ՀԱԿ-ի հետ, բայց մենք բոլորս պետք է գիտակցենք, որ իրավունք չունենք գնալ այլ ճանապարհով, որովհետեւ ցանկացած փոքրիկ ցնցում, ցանկացած փոքրիկ ավանտյուրա լուրջ հարված է ոչ թե իշխանություններին կամ ընդդիմությանը, այլ լուրջ հարված կարող է լինել մեր պետականությանը, մեր հասարակությանը, եւ այստեղ պետք է մտածի ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, եւ զերծ մնա իր գործողություններում ավանտյուրիստական ոչ կառուցողական քայլերից»,- նշել է Շարմազանովը:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատ պարզ, հրապարակային եւ ամբողջական ելույթ է ունեցել եւ «հստակ պատասխան է տվել ՀԱԿ-ի մեր գործընկերներին եւ ասել է, որ թե վարչապետը, թե Ազգային Ժողովի նախագահը, թե իր աշխատակազմի ղեկավարը պատրաստ են այս կամ այն հարցի շուրջ քննարկումներ իրականացնել ՀԱԿ-ի մեր գործընկերներին»:
«Ավելին, մինչ այդ ես իմ հայտարարության մեջ որպես կուսակցության խոսնակ ասել եմ, որ Հանրապետականը պատրաստ է արտախորհրդարանական ընդդիմության առողջ առաջարկները հնչեցնել Ազգային Ժողովի բարձր ամբիոնից: Եթե դա մեր գործընկերներին չի բավարարում, իմ մոտ տպավորություն է առաջանում, որ իրենք ոչ թե երկխոսություն են ուզում իրականացնել, այլ ամռան ամիսներին ուզում են ժամանակ ձգել, իմիտացիա անել, կամ էլ ավելի բարձր աղմուկ բարձրացնել, որ դժգոհ էլեկտորատի մոտ իրենց վարկանիշը բարձրացնեն: Այստեղ այլ բան չի մնում»,- ամփոփել է Շարմազանովը:
Նշենք, որ Հայաստանի առաջին նախագահն իր խոսքում ասել էր. «Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»:




























