Ես երեք օր շրջել եմ Սյունիքում, կարող եմ ասել՝ տրամադրությունները խուճապային չէին, բայց անհանգստություն կար կապված վերջին իրադարձությունների հետ. եւ Երասխում տեղի ունեցած հրաձգությունները, եւ քաղաքապետների կալանավորումները, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի դադարեցումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Սյունեցիները բավական ամուր կպած են իրենց հողին, մտադրություն չունեն գաղթելու: Անշարժ գույքի գները Սյունիքում պահպանվել են նույն մակարդակի վրա: Սյունիքում կա ընդհանուր տրամադրություն, որ պետք է ոտքի կանգնել ոչ միայն Սյունիքի համար, այլեւ ոտքի կանգնել ու ազատագրել Երեւանը, որովհետեւ Երեւանը գտնվում է թշնամու ձեռքում»,-ասաց նա՝ հավելելով, որ այնտեղ չի հանդիպել մեկ մարդու, որը կասեր, որ ընտրել է գործող իշխանությանը:
Փոստանջյանը ընդգծեց, որ ընտրությունների արդյունքներն իր համար, նաեւ սյունեցիների համար օրինական չեն:
Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերին կալանավորելուն, նա վստահություն հայտնեց, որ դա արվում է հստակ նպատակով. «Սյունիքում կա դիմադրություն եւ կա առաջնորդություն այդ դիմադրության: Առաջնորդներն էին նաեւ այդ քաղաքապետները, հետեւաբար նրանց պետք էր մեկուսացնել, որպեսզի այն ծրագիրը, որի իրականացումը ստանձնել են իշխանությունները, կարողանան իրականացնել: Բայց համայնքապետերին փոխարինողներ կլինեն, որոնք կստանձնեն առաջնորդությունը»:
«Երբ թշնամին մտավ Սեւ լճի տարածք եւ դիմադրության չհանդիպեց, սա սկիզբն է, որոնք նա պատրստում է հանրությանը, որ Զանգեզուրի միջանցքը բացվելու է, ինչը փաստացի Սյունիքի հանձնումն է թշնամուն:
Երասխի հատվածում 2018-ից սկսած միջդիրքային տարածությունը, որը տեղ-տեղ 5 հազար մետրի էր հասնում, ադրբեջանցիները հասցրին 500 մետրի: Դա արվոմ էր, որ բուն պատերազմական գործողությունների ժամանակ իրենք ունենան դիրքային առավելություններ: Եթե դու ժամանակին չես կանխում, հետո ունենալու ես ավելի մեծ քանակի զոհեր»,-ընդգծեց Փոստանջյանը:











