Սարի թաղի 20–րդ փողոցի բնակիչներն ահազանգում են, որ իրենց տները փլուզման վտանգի տակ են։ Զուլֆիգարյանների ընտանիքը մեկ տարի է՝ բարձրաձայնում է, որ տուն լցվող ջրի պատճառով պատերն արդեն ճաքել են, իրենք էլ ապրում են խոնավ պայմաններում։ Սամվել Զուլֆիգարյանը ստիպված է եղել կտրել իր մշակած ծառերը, որոնք արդեն բերք էին տալիս։
«Ես չեմ կարող ասել, թե տուն լցվող ջրերն ինչ ջրեր են, փողոցից է գալիս, լցվում է տան մեջ, բակը, այգիս չորացել է։ Ոտքս չեմ կարող դնել հողի վրա, անմիջապես ջուր եմ դառնում։ Գիշեր–ցերեկ ջուր է գալիս։ Իմ այգում էնպիսի բերքատու ծառեր կային, իսկ հիմա մի հատ բերքատու ծառ չունեմ, չորացել են, շատ ջրվելուց նեխել են։ Ջուրը միայն մեր տուն չի լցվում, այլեւ հարեւանների տները»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է Սամվել Զուլֆիգարյանը։
Տան պատերը, հատակը խոնավ են, որոշ մասերում ճեղքեր են առաջացել։ Սամվել Զուլֆիգարյանն ասում է՝ էլ իրավասու մարմին չկա, որ դիմած չլինեն եւ իրենց խնդրի մասին բարձրաձայնած, բայց ոչ մի արձագանք չկա, մի տեղից մյուսն են ուղարկում, ասելով, թե իրենք ոչինչ չեն կարող անել։
««Վեոլիա ջրից» չեն ուզում որեւէ բանով օգնած լինել։ Միայն գալիս են նայում ու թողնում գնում, ասում են՝ արտեզյան ջուր է, մենք ոչինչ չենք կարող անել»,– ասում է Սամվել Զուլֆիգարյանը՝ հավելելով, որ դիմել են նաեւ թաղապետարան, Շրջակա միջավայրի նախարարություն, բայց անօգուտ։
Սարի թաղի 20–րդ փողոցում Զուլֆիգարյանների տունը միակը չէ, որը ջրով է լցվում։ Փողոցում ջրի հետեւանքով փոսեր էին առաջացել եւ մեքենաների համար ճանապարհն անանցանելի էր դարձել։ Բնակիչներն իրենց միջոցներով են փոսերը հողով, ավազով ու քարով լցրել, որ գոնե երթեւեկությունը չխաթարվի։ Այս փողոցում նաեւ հասարակական տրանսպորտ է աշխատում։
Մանրամասները՝ տեսանյութում։











