Աննա Մկրտչյանի հանդեպ թույլ է տրվել ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում։ Խոսել Աննա Մկրտչյանի կողմից խախտման մասին այն դեպքում, երբ խախտումը տեղի է ունեցել նրա հանդեպ՝ նորմալ չէ։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս էին հրավիրել նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյան» արտահայտության համար։

«Հենց նոր դարձանք ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտման վկաները։ Կանոնակարգը մեկ արարքի համար նախատեսում է ներգործության տարբեր տեսակներ։ Սկսած նախազգուշացումից, հետո բարձրախոսի անջատում։ Այսօր մենք դարձանք վկան, թե ինչպես է մեկ արարքի համար միաժամանակ կիրառվել ներգործության երկու տեսակ՝ բարձրախոսի անջատում, հետո դահլիճից դուրս հրավիրում։ Սա նորմալ չէ։ Եվ սա չի տեղավորվում ԱԺ կանոնակարգի տրամաբանությունում։ Չգիտեմ, թե ինչով է դա պայմանավորված, բայց, համենայնդեպս, իրավաբանական առումով սա աբսուրդ է։

Աննա Մկրտչյանի՝ ԱԺ պատգամավորի հանդեպ կատարվածը, որը պաշտպանված է ներկայացուցչական մանդատով, որը Սահմանադրության ուժով ներկայացնում է հայ ժողովրդին, Սահմանադրությունը դա նախատեսում է մյուս բոլոր 107 պատգամավորների համար, ԱԺ կանոնակարգի ակնհայտ կոպիտ խախտում է»,- ասել է Արամ Վարդեւանյանը։

Պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքի մասին հարցին՝ Արամ Վարդեւանյանը նշել է, որ նրան տեղեկացրել է իրավական առումով աբսուրդային գործողության մասին։ «Մի գործողության համար կարող է լինել պատասխանատվության մի միջոց։ Կրկնում եմ. կանոնակարգը պատահական չէ, որ ենթադրում է միջոցներ փոքրից դեպի ավելի լուրջը։ Այսինքն՝ չի կարելի նույն միջոցը օգտագործել  բոլոր դեպքերի վրա։ Նման արարքների համար անցյալում կիրառվել է նախազգուշացում։ Արարքի ծավալը չի մեծացել, ձեւն ու բովանդակությունը չեն փոխվել։ Եվ ընդհանրապես, հարց է՝ դա արա՞րք է, թե՞ արտահայտություն, ենթադրո՞ւմ են արդյոք դրանք ինքնին պատասխանատվություն։ Հատկապես եթե հիշենք, թե ինչ բանավեճեր էին ընթանում անցյալում ԱԺ-ում, ի՞նչ արտահայտություններով։ Լրագրողները, որ ինձանից ավելի լավ են ծանոթ ԱԺ աշխատանքի հետ անցյալում, թույլ չեն տա շեղվեմ ճշմարտությունից»,- նշել է Վարդեւանյանը։

Նա նշել է, որ ելույթներից հետո նախագահողները իրենց ռեպլիկներ են թույլ տալիս, որոնք վերածվում են ելույթների։ Վարդեւանյանը հիշեցրել է, որ այդ դեպքում կանոնակարգը նախատեսում է արտահերթ ելույթներ։ Դրա փոխարեն որպես երկարատեւ ռեպլիկ հաջորդում են ելույթի մեկնաբանությունները։ Դա նույնպես դուրս է գալիս կանոնակարգի սահմաններից։ «Պատգամավորների կարգավիճակը հավասար է, բոլորինը»,- հիշեցրել է Վարդեւանյանը։ Պատասխան գործողությունների մասին հարցին պատգամավորը բոլոր փակագծերը չի բացել՝ տեղեկացնելով միայն, որ խմբակցությունը կքննարկի։ Կբոյկոտի՞ արդյոք խմբակցությունը նիստը հարցի պատասխանը հայտնի կդառնա քննարկումից հետո։