Վիրավորանքին խիստ կարձագանքեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: Նրա կարծիքով՝ ընդդիմության մոտ չկա միասնություն, եւ երկու ընդդիմադիր ուժերում կան մարդիկ, որոնք փորձում են անցնել վիրավորանքների եւ գոնե այդպես առանձնանալ:

«Հավանաբար, որոշները չեն հասկացել՝ ուր են եկել: Եթե ընդդիմադիրները չեն կարողանում զսպել իրենց գործընկերներին, ապա դա ես կանեմ»,-նշեց նա:

Սիմոնյանը ՔՊ-ից իր գործընկերներին կոչ արեց չարձագանքել ընդդիմության սադրանքներին:

«Մարդիկ պարտվել են՝ նույնիսկ մեծ գումարներ ծախսելով եւ ատելություն տարածելով, ինչի հետ չեն կարողանում հաշտվել: Այո, ընդդիմությունն ատելություն է տարածում: Այո, ՔՊ-ն եղել է ընդդիմություն Հայաստանի համար ամենածանր շրջանում, երբ երկրում կային քաղբանտարկյալներ, երբ լուրջ կոռուպցիա կար, երբ ոստիկանները փողոցներում ծեծում էին կանանց: Այդ ժամանակ ՔՊ-ն իրեն թույլ չէր տալիս նման ատելություն տարածել: Կոչ եմ անում անտեսել ընդդիմության նման պահվածքը»,-նշեց ԱԺ խոսնակը: