«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառպետությունում», դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին արձանագրվել էր, որ անհայտ անձը տարբեր տեսակի եւ տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել:

NEWS.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ տարածքային քննչական բաժնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։

Արդյունքում՝ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Ձորագետ գյուղի բնակիչ, 29-ամյա տղամարդուն, որը 2020 թվականի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատել էր «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնի անտառապահ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ լրիվ գույքային պատասխանատվություն կրելով իր մասնաճյուղին պատճառված վնասի համար, իր ծառայության նկատմամբ դրսեւորել է անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչի արդյունքում կենդանական եւ բուսական աշխարհին պատճառվել է մոտ 19 միլիոն դրամի վնաս:

Նախաքննությունը շարունակվում է: