Արդեն 3 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները պայքարում են Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ԽՍՀՄ տարիներին կառուցված, այս պահին չգործող Ստեփան Շահումյանի անվան «Կաշվի միավորում» արտադրական ընկերության տարածքում կաշվի եւ անհայտ ծագմամբ նյութի թափոնների մոտ 100 ք/մ տարածքում առաջացած խոշոր հրդեհի դեմ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ 

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են այդ ընկերության աշխատակիցները։

Հրշեջները մի քանի հատվածներում հրդեհը մարելիս, շատ դեպքերում վտանգում են իրենց կյանքը, քանի որ կրակից եւ ծխից առաջանում են վտանգավոր գազեր։

Այս պահին հրշեջներին հաջողվել է կրակի տարածումը կանխել, սակայն աշխատանքները որոշ ժամանակ կշարունակվեն։

Ժամը 10։30-ից տեղում հերթապահություն են կատարում Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը։ Նրանք մի քանի հրշեջ-փրկարարների տեղում օգնություն են ցուցաբերել։ 

Թե ինչն է եղել կրակի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

ԱԻՆ–ից NEWS.am-ին փոխանցեցին, որ հրդեհը դեռեւս չի հաջողվել մեկուսացնել եւ մարել։