Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր՝ օգոստոսի 21–ին, քաղաքացիների եւ կարմիր բերետավորների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով 4 անձ բերման է ենթարկվել: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ակցիայի մասնակից Լուսինե Գրիգորյանը:

Նա նաեւ նշել է, որ բերման ենթարկված ակցիայի մասնակից Սեդա Գրիգորյանը Ոստիկանության  Մաշտոցի բաժանմունքում է:

«4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են։ Seda Grigoryan ն հիմա Մաշտոց բաժանմունքում է»,- գրել  է նա:

Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով 4 անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։Երեկ եւ այսօր  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։