Այս պահի դրությամբ մենք հավելյալ մահճակալների ծավալման գործընթացում ենք գտնվում եւ հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք, այս շտամով («Դելտա» շտամ,- խմբ․) վարակման պարագայում մենք նկատում ենք հիվանդության երիտասարդացում եւ հիվանդության ընթացքի կտրուկ վատթարացում, ինչը բժիշկների առանց այդ էլ բարդ գործը ավելի է ծանրացնում։ Սա նշանակում է, որ մենք կունենանք ավելի երկար հոսպիտալացման օրեր, ինչն առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով իրավիճակը կբարդացնի»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով ՝ հիվանդության երիտասարդացման պարագայում,  հիվանդության վատթարացման օրերը նկատվում են 3-րդ, 4-րդ օրերը, մինչդեռ նախկինում 5-րդ, 6-րդ, 7-րդ օրերին էր վատթարացում նկատվում։

Հայաստանում այս օրերին 20 եւ 28 տարեկան երիտասարդներ են  միացված արհեստական շնչառության ապարատին, սակայն ուշագրավ է, որ նրանք ուղեկցող հիվանդություն չունեն։

Անահիտ Ավանեսյնաի խոսքով՝ հիվանդության բուժման առումով շեշտակի փոփոխություններ նկատելի չեն եւ  վարակի դեմ պայքարելու ամենագործուն միջոցը մնում է պատվաստումը։

Առողջապահության նախարարն ասաց, որ Հայաստանում այսօր գերակշռում է «Դելտա»  շտամը, որի դեպքում սիպտոմները փոքր-ինչ տարբերվում են։ Օրինակ, եթե կորոնավիրուսին բնորոշ է համի ու հոտի զգացողության կորուստը, ապա «Դելտա» շտամին այն այդքան էլ բնորոշ է։

««Դելտա» շտամն ավելի շատ հարբուխային սիպմտոմներ ունի, որը, օրինակ, անգլիական շտամին բնորոշ չէ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սիպտոմների պարագայում անպայման դիմեք բժշկին։