Ազգային ժողովում իշխանությունն ու ընդդիմությունն ընդհանուր հայտարարի են եկել Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, գլխավոր դատախազի, ՊԵԿ նախագահի և պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Երեկ մենք «Հայաստան» խմբակցության անունից գրությունն ուղարկել ենք, որտեղ մատնանշել ենք կարեւորությունը, հրատապությունը եւ հարցերի մի խումբ, որոնք վերաբերում է անվտանգությանը, պաշտպանվածությանը, տնտեսական բաղադրիչին, մարդու իրավունքների խախտումներին եւ առաջարկել ենք, որ ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանն ու ՊԵԿ նախագահը: Շատ կարեւոր է, որ մենք լիարժեքորեն ստանանք տեղեկատվություն: Հնարավոր է, որ այստեղ պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետեւաբար մենք պատրաստ ենք բաց կամ փակ քննարկման»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ էության, այդ տարածքում մենք կորցրել ենք Հայաստանի ինքնիշխանությունը:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենց գրությանը ԱԺ ղեկավարության կողմից ընթացք է տրվել, որոշվել է, որ լինելու է փակ քննարկում, փորձելու են անել այնպես, որ առաջին դեմքերը ներկա լինեն քննարկմանը»,-ասաց նա:
Պատգամավորի փոխանցմամբ՝ այժմ քննարկվում է քննարկումը կազմակերպելու օրվա և ժամի հարցը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ԱԱԾ-ի, ադրբեջանցիներըՍյունիքի մարզի Որոտանի հատվածում անցակետ է տեղադրել և իրանական բեռնատարներից տարանցման գումար է գանձում։











