Տպավորություն է, որ այս համակարգն այլ խնդիրներ չունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Դատավորների ընդհանուր ժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երեւան  քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կարգապահական վարույթներն ավելացնելու մասին Արդարադատության նախարարի հայտարարությանը։

«Մենք խոսում ենք միայն դատավորներին պատժելու, պատասխանատվության ենթարկելու մասին։ Օրինակ՝ այս համակարգում չկան շատ ավելի լավ դատավորներ, որոնք ծանրաբեռնված աշխատում են։ Փորձեն այդ ծանրաբեռնվածության մասին հոգ տանել։ Փորձեն անդրադառնալ դատական համակարգի այնպիսի խնդիրների, որոնք անհրաժեշտ են»,- ասաց նա։

Դատավորի խոսքով՝ եթե կան այդպիսի դատավորներ, ապա պետք է պայքարեն, որ այդ դատավորները չաշխատեն.

«Եթե կան այդպիսի դատավորներ, հեղինակազրկում են մյուս դատավորներին։ Շատ լավ կլինի, որ նախարարը ներկայացնի՝ ինչ ծրագրեր ունի դատական համակարգի հեղինակությունը բարձրացնելու, դատավորների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու մասին։ Արդյոք նախարարն ուշադրություն դարձրե՞լ է այն հանգամանքի վրա, որ փաստաբանական համայնքը շատ կտրուկ դիրքորոշում է հայտնում դատական համակարգի որոշ դատավորների վերաբերյալ։ Եթե մի գործ մակագրվում է մեկ դատավորի, փաստաբանները սկսում են միմյանց ցավակցել, այ ինչ վատ է, որ այս գործը մակագրվեց այս դատավորին։ Փաստաբանների կողմից կա հատուկ կայք, որտեղ փաստաբանները քվեարկում են դատավորների օգտին, լավ կլինի՝ ուսումնասիրեն այդ քվեարկությունը։ Այնտեղ կան դատավորներ, որոնք տարիներ շարունակ եղել են մինուս անվերջություն, կան դատավորներ, որոնք լավագույնին դասվում մշտապես»։