Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցն ավելի շատ բարոյական հարթությունում է: Այս մասին հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Զենքի շուկան այնպիսին է, որ եթե փող ունես եւ պատրաստ ես ծախսել զենք գնելու համար, ապա կգտնես այն: Չի լինի ռուսական, կլինի այլ: Պատերազմի ժամանակ տեսաք Ադրբեջանի կողմից ոչ ռուսական զենքի բավականին հաջող օգտագործումը: Բարձր ճշգրտության հրթիռները ռուսական չէին: Ուստի այս հարցը ճակատագրական չէ: Այն ավելի շատ բարոյական հարթությունում է: Չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը կփոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Բայց բարոյական հարթությունում, իհարկե, այդ ամենը լավ չէ հնչում այս իրավիճակում: Բայց ինձ մոտ տպավորություն է, որ Ռուսաստանն իրավիճակը մեղմելու միջոց կգտնի»,- ենթադրեց Քոչարյանը` որպես տարբերակ նշելով Հայաստանի հետ հավասարակշռությունը պահպանելու հնարավորությունը: