Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է Դեյվիդ Հուլիուսին եւ Արդեմ Պատապուտյանին: Մրցանակը տրվել է ջերմաստիճանի եւ հպման ընկալիչների հայտնաբերման համար, գրում է Նոբելյան կոմիտեն իր կայքում:
Անցյալ տարի դափնեկիր էին դարձել Հարվի Օլթերը, Չարլզ Ռայսը եւ Մայքլ Հոութոնը`հեպատիտ C վիրուսի հայտնաբերման համար:
Մրցանակի շնորհման համար պատասխանատու է Նոբելյան ասամբլեան, որի կազմում ընդգրկված է Կարոլինսկայի ինստիտուտի 50 պրոֆեսոր: Ասամբլեայի աշխատանքային մարմինը Նոբելյան կոմիտեն է: Յուրաքանչյուր անվանակարգի համար երեք տարի ժամկետով իր հանձնաժողովն է ստեղծվում, որը բաղկացած է հինգից վեց հոգուց: Ասամբլեան հանդիպում է տարին մի քանի անգամ՝ քննարկելու հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուներին, իսկ հոկտեմբեր ամսվա առաջին երկուշաբթի օրը ընտրում է դափնեկրին:
Մրցանակի համար կարող են առաջադրվել տարբեր երկրների գիտնականներ, այդ թվում՝ Կարոլինայի ինստիտուտի Նոբելյան ասամբլեայի անդամներն եւ ֆիզիոլոգիայի կամ բժշկության եւ քիմիայի Նոբելյան մրցանակների դափնեկիրները, ովքեր ստացել են Նոբելյան կոմիտեի հատուկ հրավերները: Թեկնածուներին կարելի է առաջարկել սեպտեմբերից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ը:





























