Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի բանակցությունները:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հանդիպումը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական երկխոսության շարունակությունը կդառնա: Վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել էին 2021 թվականի սեպտեմբերի 9-ին:

Երկխոսության ընթացքում ԱԳՆ ղեկավարները «կհամաժամացնեն իրենց ժամացույցները» տարածաշրջանային օրակարգի այլ արդիական թեմաների, այդ թվում` Կասպից ծովում, Անդրկովկասում, Պարսից ծոցի գոտում, Եմենում, Լիբանանում եւ մերձարեւելյան կարգավորման վիճակի շուրջ:

Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը «միջուկային գործարքի» լիարժեք գործունեության վերականգնմանն ուղղված բանակցային գործընթացի հնարավորինս շուտ վերսկսումն է:

Առարկայորեն կքննարկվի իրավիճակն Աֆղանստանում` առաջացող մարտահրավերներին արդյունավետ արձագանքի հիմնարար կարեւորության համատեքստում:

Սիրիական կարգավորման մասով Մոսկվայի եւ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն է աջակցել Սիրիայի ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջականության անվերապահ հարգմանը, սիրիացիների` իրենց երկրի ապագան ինքնուրույն որոշելու օրինական իրավունքին: