Օրերս ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները վերադարձան դիրքերից։ Նրանց դիմավորեցին ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ոստիկան-սահմանապահներին փոխանցեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանի երախտիքի խոսքերը և շնորհակալություն հայտնեց  սահմանապահ առաքելությունը նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Այնուհետև մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնվեցին պարգևներ։ Միջոցառումն ավարտվեց սահմանապահ-ոստիկանների հանդիսավոր երթով։