Պարգեւատրման համակարգը վիճարկվելու է, ըստ էության ամբողջությամբ, բայց այն մասով, որը վերաբերում է քաղաքական պաշտոնյաների` այսինքն` հանրապետության նախագահ, վարչապետ, նախարարներ, նախարարաի տեղակալներ, պատգամավորներ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Այսօր ՍԴ է մուտքագրվելու դիմում,թվով 7-րդ դիմումը, որը կրկին մշակվեց մեր կողմից, վերաբերելու է 250 հազար դրամները պատգամավորներին փաստացի որպես աշխատավարձ տրամադրելուն որի իրավաչափ նպատակը սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում առհասարակ հասկանալի չէ եւ ընդունելի էլ չէ  եւ երկրորդ հանգամանքը դա պարգեւատրման համակարգն է: Պարգեւատրման համակարգը վիճարկվելու է, ըստ էության ամբողջությամբ, բայց այն մասով, որը վերաբերում է քաղաքական պաշտոնյաների` այսինքն հանրապետության նախագահ, վարչապետ, նախարարներ, նախարարի տեղակալներ, պատգամավորներ, բոլորի մասով պարգեւատրման ինստիտուտը վիճարկվում է, որովհետեւ մենք այստեղ չենք տեսնում, որ կարող է լինել իրավաչափ բնույթի գործողություն: Պարգեւատրումը տրամադրվում է կատարողականի համար, պատգամավորներին ինչի՞ համար են տալիս»,-ասաց նա:

Արամ Վարդեւանյանը նշեց, որ իրենք ՍԴ-ին միջնորդել են, որ 250 հազարականների մասով դրա գործողությունը կասեցվի:

«Առաջիկայում նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, մինչեւ ՍԴ որոշումները կփորձենք նաեւ էդ ճանապարհով հարցին լուծում տանք»,- հավելեց նա:

Պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությանը տրված պարգեւատրումը` շուրջ 11 միլիոն դրամ, տրվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին ամբողջությամբ.

«Նպատակահարմարությունը պետական բյուջե փոխանցելու չի եղել մի պարզ պատճառով, որ փոխանցենք, էլի պարգեւատրում տա՞ն: Էս պարագայում մենք փորձեցինք ազդակ տալ, ցույց տալ, թե առհասարակ այս պայմաններում, ինչ ուղղություններով պետք է այդ միջոցները ուղղվեն, ոչ թե պետք էր գար պառտգամավորներին, որ պատգամավորները փոխանցեին, այլ առհասարակ դա չպետք է լինի եւ այս հարցը եւս ՍԴ-ում բարձրաձայնվում է, այսօր էլ կմուտքագրվի»: