Այս փաստական հանգամանքների պայմաններում իրավապահ համակարգի կողմից որեւէ գործողություն չձեռնարկելը վկայում է այն մասին, որ մենք չունենք անկախ իրավապահ համակարգ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու իրավապահ համակարգը չի անդրադառնում այն հայտարարություններին, որ կարելի էր պատերազմը ավելի շուտ կանգնեցներ, սակայն չի արվել:
«Եթե մենք ունենայինք պատշաճ գործող անկախ իրավապահ համակարգ ձեր բոլոր հարցերին, նաեւ նախագահ Քոչարյանի բարձրած հարցերին տրվել էին պատասխաններ, բայց քանի որ մենք չունենք անկախ իրավապահ համակարգ, մենք ունենք այս իրավիճակը: Փաստերով խոսում ենք, փաստերով ասում ենք, որ հոկտեմբերի 7-ի մասին տեղեկությունը կա, որ կարելի էր կանգնեցնել, չի կանգնեցվել: Հոկտեմբերի 19-ի վերաբերյալ, դա էլ հենց ՌԴ նախագահ Պուտինն է ուղղակիորեն ասել, որ այդ ժամանակ կանգնեցնել, բայց հայկական կողմը չի համաձայնվել, նույն Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե ինչի չի համաձայնվել, որովհետեւ կասեին` ինքը դավաճան է: Այս փաստական հանգամանքների պայմաններում իրավապահ համակարգի կողմից որեւէ գործողություն չձեռնարկելը վկայում է այն մասին, որ մենք չունենք անկախ իրավապահ համակարգ»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով` ծնողների հարազատների կողմից միջոցներ ձեռնարկելու համար պարտադիր էր, որ գոնե որոշակի իրավապահ մարմինների կողմից գործողություններ կատարվեին, բայց կարող են բարձրաձայնել այս խնդիրները:
«Պետք է անկեղծ ասել, որ մեր իրավապահ համակարգը ՀՀ այս պահին գործող իշխանությունների վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում մատը մատին չի տալու, բացառապես այն դեպքում է մատը մատին տալու, եթե այս իշխանությունները նման ցուցում տան, օրինակ Տոնոյան Դավիթի դեպքում, որ տեսնում ենք»,-ասաց նա:
Վարդեւանյանը հավելեց, որ ինքը շրջանառության մեջ է դրել իր առաջին օրենսդրական նախաձեռնություն, որով 8-10 տարով ազատազրկում է նախատեսվում Քննիչ հանձնաժողովում պետական պաշտոնյայի խոսքով սուտ կամ կեղծ տեղեկություններ տալու դեպքում:
«Որ որեւէ մեկը չհանդգնի այն պայմաններում, երբ մենք ունեցել ենք նման դաժան պատերազմ, երբ մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, որեւէ մի անձ չմտածի, որ կարող է գալ եւ մոլորեցնել հանրությանը, մոլորեցնել հազարավոր ծնողների: Մեր հայրենակիցներին ոչ մեկ չի կարողանալու խաբել 44-օրյա պատերազմի դեպքերի վերաբերյալ, բայց ինչն է կարեւոր, եթե այս օրենսդրական նախաձեռնությունը չընդունվի, ուրեմն ձեւավորվելու է միջավայր` խաբելու համար»,- ասաց նա:











