Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ քիչ առաջ պետական այցով ժամանեց Իտալիա: Այս մասին Հռոմից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Սա Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում  Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:

Հոկտեմբերի 6-ին Իտալիայի  նախագահի նստավայրում` Քուիրինալե պալատում նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:

Հանդիպումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը նույնպես նախագահ Սարգսյանի պետական այցի օրակարգում են: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա։