Չի անցնում մեկ շաբաթ, երբ չլինի գեթ մեկ իրադարձություն, որը լրացուցիչ ապացույց չլինի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն տրված խոստումները կյանքի կոչել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ Հայաստանը բացել է իր օդային տարածքը Ադրբեջան-Նախիջեւան թռիչքների համար:

Նա պնդեց, որ այդ բոլոր խոստումները հակահայկական են: Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն տարածաշրջանում դարձել է վարչատարածքային միավոր, ոչ թե գործառութային առումով սուբյեկտայնություն ունեցող երկիր և հավելեց, որ հիմա ունենք զավթված միջպետական ճանապարհ, որը իշխանությունները փորձում են որպես ճանապարհային փոքրիկ միջադեպ ներկայացնել:

«Այսօր մեր համար ուղղակի տեղեկատվության աղբյուր է հանդիսանում մեր թշնամական պետության տրամադրած տեղեկատվությունը՝ անկախ նրանից, թե դրանք պաշտոնական են, թե ոչ»,-հայտարարեց Մկրտչյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է նա գնահատում, որ ՀՀ-ի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքի մասին հայտնում են Բաքվից:

Ընդդիմադիր պատգամավորն այն գնահատեց խայտառակություն և պայմանավորեց այն փաստով, որ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը խուսափեց խոսել հայկական պետությունների դեմ ահաբեկչական պատերազմ սանձազերծած մի քանի պետությունների մասին:

«Մեզ անընդհատ հիշեցնում էին, որ մենք կռվել ենք Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի բանակնե, խոսում էին նաեւ օտարերկրյա սպառազինության մասին: Իսկ ինքը գնաց այնտեղ ու անգամ դա չասաց: Այդ անձնավորությունը խուսափեց խոսել այն մասին, որ եղել են վարձկաններ: Այսինքն միջազգային այն կառույցները, որ կարող են որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի սուբյեկտայնության պահպանության մեջ, այստեղ Նիկոլ Փաշինյանը չի ուզում նույնիսկ այդ գործիքներն օգտագործել»,-ասաց Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունների նման պահվածքը Անկարային և Բաքվին չգրգռելու, հանգստացնելու նպատակ է հետապնդում:

«Այս պահին ՀՀ-ում ոչ միայն անվտանգային համակարգ չկա, այլ մարդ չկա, որ ուզենա այդ անվտանգային համակարգը պահպանել»,-ասաց նա:

Անդրադառնալով Լիտվայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն չի ներքաշվի Իրանի դեմ դավադրության մեջ՝ պատգամավորը պնդեց, որ նա մեր ռազմավարական և բարեկամ երկրի հետ հարաբերություններն այն աստիճան է վատացրել, որ այսօր երաշխիքներ է հնչեցնում նրա դեմ չգնալու մասին, այն դեպքում, երբ դավադրության մասին ոչ մեկը չի խոսել:

«Նիկոլ Փաշինյանը բոլոր դրսի խաղացողներին, անկախ նրանից՝ նրանք մեր բարեկամներն են, թե թշնամիները, տվել է տարբեր խոստումներ տարբեր ոլորտներում և տպավորություն է, որ յուրաքանչյուրն իր մասով սպասում է այդ խոստումների իրականացմանը: Ամեն անգամ իր աթոռին մնալու ժամկետը երկարաձգելու ժամանակ նա տարաժամկետում է իր տված խոստումների կատարման իրականացումը, ինչը իր անձի վրա բացասական ազդեցություն չի ունենում, բայց՝ խիստ բացասական ազդեցություն է ունենում է ՀՀ-ի վարկի եւ ընդհանրապես Հայաստանի պետության գոյության համար»,-ընդգծեց Աննա Մկրտչյանը: