Հայաստանի առողջապահության նախարարությունը դիտարկում է իրականացնում, որպեսզի որոշի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ քաղաքացիների համար կորոնավիրուսից վարակվելուց եւ ապաքինվելուց հետո ՊՇՌ թեստի կամ պատվաստման վկայականի արդյունքներ տրամադրելու համար: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, ով հետաքրքրվեց, թե ինչու են անհրաժեշտ այն քաղաքացիների ՊՇՌ թեստերի արդյունքները, ովքեր նախկինում վարակվել են կորոնավիրուսով, ապաքինվել են եւ որոշակի քանակի հակամարմիններ են ձեռք բերել, որոնք ունակ են բարձր արդյունավետությամբ պաշտպանել նրանց նոր վարակումից:
Նախարարը հայտնեց, որ մինչ օրս բավականին քիչ դեպքեր են գրանցվել, երբ կորոնավիրուսից ապաքինվելուց 20 կամ 30 օր անց, մարդու մոտ ՊՇՌ թեստը դրական է արդյունք է ցույց տվել:
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մեր պրոֆիլային խումբը ներկայումս որոշակի փոփոխություններ եւ լրացումներ է կատարում նախարարի հրամանում: Ահա եւ կտեսնենք: Վաղը կունենանք վերջնական եզրակացություն»,- ասաց Ավանեսյանը:











