Հայկական կողմը պետք է դիտարկի եւ հասկանա «3+3» բանակացային ձեւաչափի հնարավորությունները։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով Հայաստանին այդ ձեւաչափի պարտադրման հնարավորության մասին հարցին։
Քաղաքական գործչի կարծիքով՝ անհրաժեշտ է հասկանալ դրա հնարավոր նպատակահարմարությունը։
«Մենք հիմա գտնվում ենք վերլուծության փուլում։ Ընդ որում՝ արժե հիշեցնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից արդեն հայտարարել է այն մասին, որ անհրաժեշտ է, սկզբի համար, ձեւավորել այդ ձեւաչափի մասին ավելի լավ պատկերացում, հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, ինչ նպատակներ են հետապնդվում, ինչ կողմեր են ներգրավված, ինչ շահեր են հետապնդվելու, եւ միայն դրանից հետո արդեն ձեւավորել սեփական պատկերացում վերոնշյալ ձեւաչափի մասին»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին, Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ բանակցությունների արդյունքներով, հայտարարել էր այն մասին, որ Իրանի պաշտոնակցի հետ քննարկել է «3+3» բանակցային ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ներգրավմամբ։ Խոսքը մասնավորապես տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։




























