44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 14-րդ՝  հոկտեմբերի 10

Կեսգիշերն անց հաղորդվեց, որ Մոսկվայում արդեն տասը ժամ շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւՋեյխունԲայրամովիմիջեւ:

Որևէ տեղեկություն բանակցությունների ընթացքի վերաբերյալ  չէր հաղորդվում: Լրագրողները մամուլի կենտրոնից չէին հեռանում, թեև հստակ չէր՝ արդյոք հանդիպման ավարտի մասնակիցները հանդես կգան հայտարարությամբ կամ ճեպազրույցով:

Գիշերը 3-ն անց 30-ին մոտ հաղորդվեց, որ Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ:

Բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովըտեղեկացրեց, որ համաձայնությունը ձեռք է բերվել՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին, նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևիմիջև ձեռք բերված համաձայնությամբ:

Ըստ նրա՝ Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ՝ հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների վրա սկսում են առարկայական բանակցությունները՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային ալիքին մանրամասներ ներկայացրեց Մոսկվայում կայացած բանակցություններից.

«Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրն էր, որպեսզի մենք հասնեինք մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային: Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց և ուժգին աջակցությամբ Թուրքիայի կողմից և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,- ասում էր Մնացականյանը:

Մնացականյանը հավելեց, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրեց, որ հաշվի առնելով ՌԴ ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունըև այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իր` ժամը 10:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ների օգտագործումը։

«ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»,-գրել էր նա։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ ԽոջալուիցՀադրութին հարվածելու մասին լուրը արդեն ոչ թէ սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է։

ՊԲ-ն հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված:

«Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր:Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ:Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ», նշվում էր հաղորդագրությունում:

Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը.

«Ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները»։

Քիչ անց եւս մեկ գրառում Արծրուն Հովհաննիսյանից.

«Ադրբեջանի ԶՈւ-ի ԳՇ-ում աչքիս էլի խաբել են Իլյուշին, քարտեզը սխալ են ցույց տվել»։

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված ՊԲ 28 զինծառայողների անունները։

Շուշան Ստեփանյանը նոր գրառում արեց.

«Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն»,-գրել էր նա։

Եվ նորից գրառում Արծրուն Հովհաննիսյանից.

«Փաստորեն ադրբեջանական բանակը ունի նաև աշխարհի «ամենահզոր» հակահրթիռային համակարգը։ Մանկապարտեզի մուլտերը ադրբեջանի հասարակության համար շարունակվում են»։

Ինչ էր ուզում հայ հանրությանը համոզել կամ փոխանցել Ա.Հովհաննիսյանը՝ պարզ չէ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ հրապարակեց, որում ՊԲ-ի հարավ-արևելյանսահմանագոտու զինծառայողները պատմում են ռազմական գործողությունների ընթացքի մասին։

«Խնդիր է տրված եղել  հրամանատարության կողմից բացահայտ հարձակում իրականացնել հակառակորդի մարտական դիրքի վրա, հարձակումն իրականացվել է պատշաճ մակարդակով՝ ոչնչացվել հակառակորդին իրենց տրամաբջիջներում։ Մշտական պատրաստ ենք նմանատիպ յուրաքանչյուր խնդիր կատարելուն»,- ասում էր Արցախի ԶՈՒ-երի զինվորը։

«Էդ պահին հիմնականում չես մտածում շատ բանի մասին, ուղղակի գիտես, որ դա անհրաժեշտ է, պետք է առաջ գնաս, ինչ-որ մի տեղ մի զինվոր կանգնած քո կարիքն ունի, պիտի գնաս, օգնես։ Հիմնականում շատ բան մոռանում ես, առաջ ես գնում, չես էլ ուզում հետ նայես, որովհետև մի գրամ անգամ չես կարող հոգնել, ու վախ չի լինում էդ պահին, համարյա ոչինչ չես զգում, ուղղակի գիտակցում ես, որ քո գործողության կարիքն ինչքան կա»,- նշում էր մեկ այլ զինվոր։

Զինվորները վստահեցնում են, որ իրենք ամուր կանգնած են սահմանին, ոգին բարձր է, տրամադրությունը՝ մարտական։

«Ուզում եմ հայ ազգը վստահ լինի, որ մենք էստեղ ամուր կանգնած ենք, նրանք չվախենան, որովհետև մենք էստեղ ենք, ու պաշտպանում ենք հայոց հողը։ Բոլորս անփորձանք հետ ենք գալու»,- ասում էր  զինվորը։

Կառավարությունից հայտնեցին, որ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը տեղակայվել է ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում:

Արծրուն Հովհաննիսյանը  գրեց, որ  հրթիռային հարված է հասցվել Կապան քաղաքին, կան զոհեր և վիրավորներ։

Ուղիղ կեսօրին Շուշան Ստեփանյանը  հայտնեց, որ Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։

Արծրուն Հովհաննիսյանը հերքեց իր նախորդ գրառումը, թե հակառակորդը հարվածել է Կապան քաղաքին.

«Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։Կա մեկ զոհ», գրել էր նա։

Քիչ անց Շուշան Ստեփանյանը գրեց.

«Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը»։

Եվս մի քանի րոպեից ՊՆ խոսնակը հրապարակեց եւս մեկ գրառում.

«ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է»։

Մայր Աթոռից հայտնեցին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի ու ժողովրդի և հայոց բանակի։

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում իրավիճակը, նաեւ այլ հարցեր:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո Երևանում բացվեց «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»: Հեռավարձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցեցին 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

Ա.Սարգսյանն ասաց.

«Չնայած ողջ աշխարհում, ինչպես նաև Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, մենք որոշեցինք կազմակերպել կոնֆերանսը:Մենք պետք է անդրադառնանք հիմնական հարցին՝ աշխարհն իսկապես փոխվել է: Սա նոր աշխարհ է և մեր համաժողովն էլ հենց այս խորագիրն ունի»:

Պաշտպանության բանակից հայտնեցին, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

«Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»,– հաղորդում էին ՊԲ-ից:

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը գրեց, որ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով:

Ժամը 17-ից րոպեներ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրեց, որ քիչ առաջ է վերադարձել Հադրութ քաղաքից։

«Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել էր նա։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում` վարչապետի նստավայրի մոտ, ՀՅԴ անդամները բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:Հավաքվածները վանկարկում էին` «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը հիմա», «Արցախը մերն է», «Հայաստանը խաղաղություն է ցանկանում, Ալիեւը` պատերազմ», «Հաղթելու ենք» եւ այլ կոչեր:Նրանք նաեւ հայրենասիրական երգեր են երգել:

Նշենք, որ նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաեւ Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Սան Պաուլոյում, Միլանում:

Նյու Յորքի հայ համայնքը բազմահազարանոց հանրահավաք է կազմակերպել քաղաքի մետրոյի հարեւանությամբ՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ոչ ճիշտ լուսաբանող լրատվամիջոցների, մասնավորապես՝ NBC հեռուստաալիքի դեմ:Հավաքի մասնակիցները պահանջում են ամերիկյան մամուլից ճիշտը հայտնել Թուրքիայի ներգրավվածությանեւ ադրբեջանական ագրեսիայի մասին: «Երկու շաբաթ է, ինչ Արցախի բնակչությունը հարձակման է ենթարկվում: Երկու շաբաթ է, ինչ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ջիհադականվարձկանների է ուղարկում Արցախի դեմ կռվելու համար»,- ասում էր մասնակիցներից մեկը:

Քիմ Քարդաշյանը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Աշխարհահռչակ հայուհին Instagram-ի Story բաժնում նոր տեսանյութ է հրապարակել` պատմելով ադրբեջանա-թուրքական հարձակման հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված իր հայրենակիցների մասին եւ կոչ անելով միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին` ի աջակցություն Արցախի եւ Հայաստանի տուժած բնակիչների:

«Հայաստանի համահայկական հիմնադրամը վիրտուալդրամահավաք է իրականացնում` գումարային աջակցություն ցուցաբերելով նրանց, ովքեր տուժել են Հայաստանում եւ Արցախում տիրող այս իրավիճակում: Հիմնադրամը մարդասիրական, սննդային, կացարանային եւ դեղորայքային օգնություն է ցուցաբերում նրանց, ովքեր վնասներ  են կրել այս ծանր ժամանակահատվածում:  Մեզ չեն բաժանում սահմանները, եւ մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք»,- ասում էր Քարդաշյանը, որը մեկ մլն դոլար էր նվիրաբերել հիմնադրամին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում տեսանյութ  տեղադրեց, որտեղ Հադրութումնրա հանդիպումն է թշնամու գրոհը ետ մղած զինվորների հետ:

«Էդ հաղթանակի հասցեատերը ժողովուրդն է, բայց կերտողը դուք եք եղել: Ուզում եմ մի քիչ մնաք, կազդուրվեք, կարգավորվեք, շարունակեք ձեր ծառայությունը: Ես ուղղակի խոնարհվում եմ բոլորիդ առաջ, ձեր ցավը տանեմ, լավ եղեք»,-ասում էր նա զինծառայողներին:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը սեպտեմբերի 27-ից սկսած գտել են  մոտ 180 կասետային ռումբ, որոնք սակրավորները ոչնչացրել են:

Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում հայտնեց, որ երեկ գիշերը եւմինչեւհրադադարը մարտերը նույն կերպ ընթանում էին եւ հատկապես թեժ էր հարավային ուղղությունը:

«Ընդհանուր առմամբ հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվում էր հայկական զւնված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա եւմինչեւկեսօրի դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկաեւ մանր այլ տեխնիկա»,- հայտնում էր նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ հրադադարի հայտարարումից ժամեր առաջ հակառակորդի գործողություներն ավելի են սաստկացել, բայց մեր զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները:

«Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, չնայած առանձին տեղերում պրովակացիաներ իրականացվում են եւ մեր կողմից պրովակացիաներին պատասխան տրվում է: Մասնավորապես մինչեւ հրադադարի հայտարարելը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն ուժերից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք եւ հրադադարի հաստատումից հետո ընթացել են ոչ մեծ մարտեր, այդ խմբերը չեզոքացվել են: Պաշտոնապես հայտարարում ենք, որ մահացածների մարմինները հանվելու են միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում: Հրադադարի հաստատումից հետո, ինչպես արտգործնախարարների հայտարարության մեջ նշված է հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան եւ վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետեւ նման դեպքերը նույնպես օգտագործվում են պրովակացիաներ անելու նպատակով: Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ, հետայսու, նման դեպքերը թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերների՝ ՋեյհունԲայրամովիեւ Զոհրաբ Մնացականյանի հետ:Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի մասին պայմանավորվածություններին:

ՀՀ ԱԳՆ-ն քիչ անց հայտարարություն տարածեց հրադադարի խախտումների մասին.

«Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը: Դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերին:Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը:Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ ՀՀ ԶՈւ-ն կրակի տակ է պահում բնակավայրեր և ճակատային գիծը»։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարեց, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, որն ամբողջ օրվա ընթացքում պասիվ էր եւ աչքի չէր ընկել հաղթական ոգով գրառումներով, կեսգիշերին մոտ գրեց.

«Այս պահին հրթիռակոծվում են Մարտունինեւ Շուշին եւ Արցախի տարբեր խոշոր գյուղական համայնքներ: Բոլորովին չի պահպանվում հրադադարի ռեժիմը, նաեւ չի պահպանվել ամբողջ օրվա ընթացքում, ե΄ւ հյուսիսային, ե΄ւ հարավային ուղղություններով հրետանային հարվածներ է հակառակորդը հասցրել»: